Վրաստանի խորհրդարանի կողմից կանանց նկատմամբ բռնության կանխման եւ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայի վավերացման դեպքում երկրում կանանց թլպատումը քրեորեն պատժելի հանցագործություն կհամարվի: «Sputnik-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի հանրային հեռարձակողի «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Թեյա Ցուլուկիանին:

Նոյեմբերի կեսին «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը» (IWPR) հրապարակել է իր իրականացրած հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ վրացական երեք գյուղերում՝ Սարուսո, Չաթլիսկուրե եւ Թիվի (Կախեթի շրջան), իսլամ դավանող ավարական համայնքներում ապրող հարյուրավոր աղջիկներ մանկական հասակում թլպատվում են: Թլպատման փաստերը հաստատել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի աշխատակազմը: Տեղի ունեցածի հետաքննության կոչով է հանդես եկել նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Վերջին 4 տարիների ընթացքում երեխաների իրավունքները բարձր աստիճանի հասցնելու համար մեծ թվով քայլեր են իրականացվել, այդ թվում՝ օրենսդրական: Այս գործընթացը պետք է շարունակվի եւ ավարտվի Ստամբուլի կոնվենցիայի վավերացումով: Հույս ունեմ, որ խորհրդարանի նոր կազմը Կոնվենցիան կվավերացնի, որի մեջ մի քանի օր առաջ կանանց սեռական օրգանների խեղմանն առնչվող նոր հոդված ենք ավելացրել: Եթե խորհրդարանն այն աջակցի, ապա առանձին հոդված կլինի, որի համաձայն՝ այսպես կոչված կանանց թլպատումը կդառնա քրեորեն պատժելի»,- ասել է Ցուլուկիանին:
Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ Վրաստանում կանանց թլպատման փաստերին ինքը տեղյակ չի եղել: