Տորոնտոյում նոյեմբերի 16-20-ին կայացել է ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնը, որին մասնակցել է ԿանադայումՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության (Տորոնտո) կողմից կազմակերպված փառատոնին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի ռեժիսորներ եւ դերասաններ, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել նման կարեւոր միջոցառման հաջող անցկացման գործում: Դեսպանն անդրադարձավ հայկական կինոարտադրության պատմությանը` խոսելով բոլոր ժամանակների հայ մեծանուն ռեժիսորների եւ նրանց ստեղծագործությունների մասին: Նա շեշտեց, որ արդեն հաճելի ավանդույթ դարձած «Նուռ» կինոփառատոնն ամեն տարի Տորոնտոյում հավաքում է հայ, կանադացի եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոսերներին:

«Նուռ» փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին օսկարակիր «Լուսարձակ», Ատոմ Էգոյանի «Հիշիր», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերը, ինչպես նաեւ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված «Իթակա», «1915-ի կանայք», «3 շաբաթ Երեւանում» եւ թուրքական արտադրության «Կորած թռչուններ» հայտնի ֆիլմերը:

Փառատոնին ներկայացված ֆիլմերի մի մասը ցուցադրվեցին Տորոնտոյի կենտրոնական կինոթատրոններում` ընդունելով հազարավոր այցելուների եւ արժանանալով նրանց ջերմ արձագանքին: