Թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հետ կապված, ինչպե՞ս է պատկերացնում նախագծի հետագա ճակատագիրը, կուսակցության առաջնորդը պատասխանել է. «Մենք պատրաստ էինք նախագիծը դնել քվեարկության, որովհետեւ նախորդ քառօրյայում խոստացված քննարկումը, հանդիպումը, ցավոք սրտի, տեղի չունեցավ:

Տեսնելով, որ ԱԺ նախագահը զանց է առնում քվեարկությունը, հարց բարձրացրի` ե՞րբ է նախագիծը դրվելու քվեարկության, եւ առաջարկեցի միաձայն ընդունել նախագիծը առաջին ընթերցմամբ, հետո` մինչեւ երկրորդ ընթերցում, միասին համախոհաբար որոշել հետագա քայլերը: Ինքը անհույս ծովում հույսի մի ճրագ թողեց` որ մինչեւ հինգշաբթի քննարկենք եւ համախոհական մի լուծում գտնենք: Իսկ դրա այլընտրանքը ոչ հերթական հետաձգումն է, ոչ էլ օրակարգից հանելը»:

Ր.Հովհաննիսյանը կասկած չունի, որ «նախագիծը առնվազն պետք է մնա մեծ օրակարգում, որպես մեր իրավական, քաղաքական դիրքորոշման արտահայտություն, դիվանագիտական լծակ, հատկապես որպես ինքնատիպ հակակշիռ հայ-թուրքական արձանագրություններին, որոնք գտնվում են ԱԺ օրակարգում»:

Մինչ այդ, «ի հեճուկս անցյալի կենսափորձի», հույս ունի, որ «ԱԺ նախագահի հայտարարությունը` առայժմ քվեարկության չդնել նախաձեռնությունը, մինչեւ հինգշաբթի ժամանակ տալ` քննարկելու եւ խնդրին համախոհական լուծում գտնելու համար, կարծում եմ, արտացոլում է ԼՂՀ ճանաչման համազգային կարեւորությունը, ընդգծում, որ սա լրջագույն պատմական պատասխանատու խնդիր է, որը վերաբերում է թե յուրաքանչյուր պատգամավորի, թե Ազգային ժողովին ընդհանրապես, որպես հավաքականության: