Արցախում հունիսին շարքային զինծառայող Ալբերտ Դալլաքյանին ծանր հրազենային վիրավորում հասցնելու մեջ մեղադրվող ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն ազատության մեջ է, շարունակում է աշխատել:

NEWS.am-ի տեղեկություններով` Ավագ Նահապետյանը խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել, որ դիտավորյալ չի կրակել: Գործով քննիչն էլ դրանից ելնելով որոշել է խափանման միջոց կալանավորումը չկիրառել:

Նշենք, որ Ավագ Նահապետյանն այս ամիսներին ոչ մի անգամ վիրավոր զինծառայողին չի այցելել, միայն մեկ անգամ մայրն է գնացել հոսպիտալ եւ խնդրել Դալլաքյաններին չբողոքել:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը գլխի ծանր վիրավորում էր ստացել հունիսի 24-ին: Նախկին զինծառայողն արդեն տանն է, սակայն շարունակում է բուժումներ ստանալ, հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել:

Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան եւ հիմա վարձով է ապրում: