Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության կողմից կազմակերվող «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի առաջնության մրցանակաբաշխության միջոցառումը: Այս մասին NEWS.am–ի  թղթակցին հայտնեցին ԻՏՁՄ-ից:

Միջոցառումը բաղկացած է լինելու 4 հիմնական մասերից:

Առաջին հատվածում «Բաց Խաղ» առաջնության նախորդ տարիների մասնակիցները եւ մրցանակակիրները կներկայացնեն իրենց «հաջողության պատմությունները»: Այս հատվածը միտված է լինելու ոգեւորել եւ մոտիվացնել ներկա եւ ապագա մասնակիցներին:

Երկրորդ հատվածում կներկայացվեն «Բաց Խաղ» 2016-ի մասնակիցների լավագույն նախագծերը, կհայտարարվեն հաղթողները ու կկատարվի մրցանակաբաշխության արարողությունը:

Քանի որ առաջնությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման եւ ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական կրթության զարգացման ծրագրի մաս է կազմում, երրորդ հատվածը նվիրված է լինելու ծրագրում ընդգրկված երեխաներին: Եթե առաջին երկու հատվածներում ներկայացվելու են արդեն հաջողությունների հասած երիտասարդները, ապա այս հատվածում երեխաները պատմելու են իրենց երազանքների մասին ու ինչպես են այս ծրագրերը նպաստում երազանքների եւ նպատակների իրականացմանը: Վերջին հատվածում Հայաստանի ՏՏ ոլորտի առավել հաջողակ ընկերությունների ներկայացուցիչները եւ անհատները (Picsart, Shadowmatic, Arloopa) երիտասարդների եւ երեխաներին ոգեւորիչ ուղերձներ են ուղղելու՝ պատմելով հաջողության հասնելու բաղադրիչների, դժվարությունների, անցած ճանապարհի մասին:

«Բաց Խաղ» առաջնությունն ունի արդեն 6 տարվա պատմություն եւ նպատակ է հետապնդում զարգացնել համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին եւ կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային/ բջջային խաղերի նախագծման ոլորտում: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են Հայաստանի ՏՏ ոլորտի եւ խաղային ուղղվածության լավագույն ընկերությունների ներկայացուցիչները: Բացի Մրցույթից ԻՏՁՄ-ն այս տարի նախաձեռնել է նաեւ ներկայացնել ծրագրի զարգացումը եւ արդյունքները՝ կազմակերպելով «Digitalks»-ը: