Փարիզում այս պահին տեղի է ունենում ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ նիստում քննարկման առարկա է դարձել Ադրբեջանի Գերագույն դատարանի վերջին որոշումը, որով, Ադրբեջանը հրաժարվում է իրագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թ. վճիռը եւ ազատ արձակել քաղբանտարկյալ Իլգար Մամադովին՝ կոպտորեն խախտելով ԵԽ-ին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները եւ Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին եվրոպական Կոնվենցիայի դրույթները։

«Հանձնաժողովի մի քանի անդամների կողմից ներկայացված նույնատեսակ մտահոգություններից հետո որոշվեց՝ խնդրի քննարկումը ներառել հանձնաժողովի հունվարյան նիստի նախագծի օրակարգ։

Հ. Գ. Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը, թե Հայաստանում ճնշված մարդու իրավունքների պաշտպանները ապաստան են գտնում Բաքվում, թարմացրեց բոլորիս տրամադրությունը... եւ համոզմունքը՝ մեր հարեւան երկիրն ապրում է լրիվ այլ՝ զուգահեռ իրականության մեջ»,- գրել է ՀՀԿ-ական պատգամավորը: