Ազգային ժողովի նոր Կանոնակարգ- օրենքով գործուղման մեջ գտնվող պատգամավորն իրավունք կունենա մասնակցել քվեարկություններին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` ներկայացնելով առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները:
«Եթե պատգամավորը մշտական հանձնաժողովներում մասնակցել է քննարկումներին, ապա իրավունք պետք է ունենա նաեւ իր դիրքորոշումը հայտնելու: Սա ոչ թե քվորում ապահովելու խնդիրն է լուծում, այլ պատգամավորն իր վերաբերմունքն է հայտնում օրինագծի վերաբերյալ: Պատգամավորը փակ ծրարով հանձնում է քարտուղարություն իր կողմ, դեմ կամ ձեռնպահ լինելը, եւ հարցի քննարկման ժամանակ բացվում է ծրարը եւ նրա ձայնը գումարվում ընդհանուր թվին»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանի խոսքով` խմբակցություններին ելույթների համար այսուհետ տրամադրվելու է 10 րոպե: Բացի դրանից, խմբակցություններին երկու լրացուցիչ գործառույթ է տրվելու` խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ արտահերթ նախագծեր շրջանառության մեջ դնելու ու արտահերթ քվեարկելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախաձեռել են ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Օրինագիծը նպատակ ունի արտացոլել Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված հաջորդ գումարման Ազգային ժողովի դերի մեծացումը:
Այս օրինագիծը առաջարկում է նոր լիազորություններ պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների համար: Մասնավորապես, ԱԺ-ն իրավունք ունի իր խմբագրմամբ ընդունել կառավարության ներկայացրած օրինագծերը: Բացի այդ, խորհրդարանն իրավունք ունի կառավարությունից տվյալներ պահանջել նրա գործունեության այս կամ այն ոլորտի վերաբերյալ:
Ընդլայնվում են նաեւ խորհրդարանական ընդդիմության լիազորությունները: Մասնավորապես, ընդդիմությունը կարող է արտահերթ քննարկման ներկայացնել իրեն հետաքրքրող հարցերը, ինչպես նաեւ ստանում են ԱԺ փոխնախագահներից մեկի աթոռը:





























