Ազգային ժողովի նոր Կանոնակարգ-օրենքում մոռացվել է, որ ապագայում առաջնային մանդատ ունեցող նախագահի ինստիտուտը վերանալու է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ խորհրդարանում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Մենք այ էս կոմպլեքսի մեջ ենք, նախագահի սուտի առկայության կոմպլեքսի: Չեմ կարողանում պատկերացնել, որ 2018թ. հետո, երբ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտը չի լինելու եւ մնալու է մեկ առաջնային մանդատ ունեցող մարմին՝ Ազգային Ժողովը, որը չի կարող կողքից հանդիսատեսի կարգավիճակում դիտել գործադիրի աշխատանքը: Իհարկե, չպետք է փոխարինի նրան, չպետք է ամեն օր խառնվի, միջամտի եւ այլն, բայց վերահսկողությունը հենց դա է, որ դրսից է իրականացվում, ոչ թե ներսից»,-ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց  օրենքի հեղինակներին հատկապես խորհրդարանական վերահսկողության բաժիններին, եւս մեկ անգամ անդրադառնալ այդ խնդրին. «Թերությունները վերաբերում են խորհրդարանական համակարգի վերահսկողության ամբողջ ինստիտուտին: Կանոնակարգ- օրենքում նախագծի հեղինակները լիարժեքորեն չեն վերծանել խորհրդարանական օրենքի վերահսկողության համակարգը, կոչ եմ անում այդ բաժիններին եւս մեկ անգամ անդրադառնալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախաձեռել են ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Օրինագիծը նպատակ ունի արտացոլել Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված հաջորդ գումարման Ազգային ժողովի դերի մեծացումը:

Այս օրինագիծը առաջարկում է նոր լիազորություններ պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների համար: Մասնավորապես, ԱԺ-ն իրավունք ունի իր խմբագրմամբ ընդունել կառավարության ներկայացրած օրինագծերը: Բացի այդ, խորհրդարանն իրավունք ունի կառավարությունից տվյալներ պահանջել նրա գործունեության այս կամ այն ոլորտի վերաբերյալ:

Ընդլայնվում են նաեւ խորհրդարանական ընդդիմության լիազորությունները: Մասնավորապես, ընդդիմությունը կարող է արտահերթ քննարկման ներկայացնել իրեն հետաքրքրող հարցերը, ինչպես նաեւ ստանում են  ԱԺ փոխնախագահներից մեկի աթոռը: