Հղի Նարինե Շարոյանի մահվան համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Հասմիկ Հակոբյանը գոհ է Վերաքննիչ դատարանի որոշումից, որով բեկանվել է առաջին ատյանի կայացրած որոշումը եւ քրեական գործն ուղարկվել նույն դատարան այլ կազմով նոր քննության:
NEWS.am-ի հետ զրույցում բժշկուհու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ այս որոշումը արդարացնելուն հավասար է:
«Մենք շարունակում ենք մնալ մեր դիրքորոշմանը, քրեական հետապնդում պետք է իրականացվի գինեկոլոգ Արմեն Վարդանյանի նկատմամբ, որը դատաքննության ժամանակ ցուցմունքը թողել էր կիսատ եւ փախել երկրից: Արմեն Վարդանյանը վերջերս նորից Հայաստան էր եկել, դիմում էր գրել, որ վերադառնա իր հին աշխատանքին, սակայն իմանալով, որ ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել` դիմել էր փախուստի կրկին: Իմ պաշտպանյալը տուժողի մահվան հետ որեւէ կապ չունի, Արմեն Վարդանյանն է մեղավոր»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Արմավիր» ԲԿ նախկին բժշկուհի, գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել Մեծամորի բնակչուհի, հղի Նարինե Շարոյանի մահվան մեջ ու դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման: Դատարանը նրա համար 2 տարվա փորձաշրջան է նշանակել:
Հիշեցնենք, որ 28-ամյա Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:
Ըստ փորձաքննության եզրակացության` «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Փորձագետների կարծիքով, Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։
Մեղադրվող բժշկուհին ասում էր, թե ինքը հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը պնդում էր, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:
Պաշտպանական կողմը պատահածում մեղադրում էր հղիին վիրահատած գինկելոգ Արմեն Վարդանյանին, որը գործում ներգրավված է որպես վկա եւ վկայություն տալուց հետո հեռացել է Հայաստանից: Մեղադրվող բժշկուհին NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ Արմեն Վարդանյանը վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել:





























