Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել է, որ Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») կնոջը չի հարվածել, եղել է միայն թեւի կծածի հետք: Այս մասին NEWS.am-ին ասաց Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:
«Առաջիկայում արդեն նախաքննության ավարտ կհայտարարվի եւ պարզ կդառնա քննությունն իրականացնող մարմնի դիրքորոշումը»,- ասաց նա:
Նշենք, որ Գեւորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, այն է` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Սարգսյանը կալանավորված է: Թամարա Բաղդասարյանի խոսքով, այս հոդվածը կալանք չի նախատեսում, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ Գեւորգ Սարգսյանն այժմ մեղադրվում է ազատամարտիկին ծեծելու մեջ, որոշում է կայացվել կալանավորել: Ըստ գլխավոր դատախազության` նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարդան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Գեւորգ Սարգսյանն, առերեւույթ կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ ընտրված անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը դեկտեմբերի 2-ին միջնորդություն է ներկայացրել դատարան Գեւորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է եւ Գեւորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:



























