Տնտեսական ակտիվության ինդեքսը, որը հուլիսից բացասական նիշ էր ձեռք բերել, նոյեմբերին կրկին աճ է գրանցել՝ 102,3 տոկոս։ Բանն այն է, որ հաշվետու ամսվա ընթացքում երկրի տնտեսության մի շարք առաջատար ճյուղերի դրական ցուցանիշները համընկել են։
Այսպես՝ տարեկան կտրվածքով արդյունաբերության ֆիզիկական ծավալը աճել է 8,8 տոկոսով։ Առետրաշրջանառությունը (մանրածախ եւ մեծածախ ապրանքաշրջանառության ծավալը, նաեւ ավտոմեքենաների վաճառքի), որը մինչ այս անկմամբ էր բնութագրվում կամ զուտ խորհրդանշական աճով, անսպասելի մեծացել է 3,8 տոկոսով։ Սպասարկման ծավալը եւս աճել է՝ 8,7 տոկոսով։ Նոոյեմբերին իր ներդրումն է ունեցել նաեւ գյուղատնտեսությունը։
Ընթացիկ տարում բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով բուսաբուծությունը լուրջ վնաս է կրել։ Բերքահավաքի սեզոնին (հունիս-հուլիսին, սեպտեմբեր-հոկտեմբերին) բուսաբուծության համախառն արտադրանքը զգալիորեն ցածր էր, քան անցյալ տարի։ Հակառեկորդ է սահմանվել հոկտեմբերին․ համախառն արտադրանքի ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակի 57 տոկոսից պակաս։ Այսինքն՝ համարյա կրկնակի կրճատվել է։
Այս գործոնն արդեն ազդել է որոշ արտադրանքների մանրածախ գների վրա։ Սակայն կարելի է ենթադրել, որ դրանից գյուղացիներին քիչ բան է հասել։ Ամեն ինչից զատ, գյուղատնտեսական արտադրանքի ապահովագրության ինստիտուտը (ագրոապահովագրություն) մեզ մոտ չի կայացել, այնպես որ՝ խոսք չի կարող լինել գյուղացիների փոխհատուցման մասին։ Ենթադրվում է, որ այս ուղղությամբ առաջին քայլերը կկատարվեն միայն եկող տարի (մասնավորապես՝ սկսել պիլոտային ծրագրի մշակումը)։
Եվ ահա, նոյեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ֆիզիկական ծավալը կրկին աճել է 6,3 տոկոսով։ Ենթադրելի է, սակայն, որ այս ձեռքբերումը կապված է միայն անասնապահության հետ։ Չէ՞ որ այս ամսվանից առաջատար դերը բուսաբուծությունից անցնում է անասնապահությանը։ Այսպես՝ անցյալ տարվա նոյեմբերին անասնապահական արտադրանքը ըստ ծավալի ավելի քան 1,7 անգամ գերազանցում էր բուսաբուծական արտադրանքի ծավալին։
Նոյեմբերին հերթական անգամ հիասթափեցրել է շինարարությունը՝ ծավալի անկումը կազմել է 17,5 տոկոս։ Այս ոչ պակաս կարեւոր ճյուղում աճ է գրանցվել միայն ձմռան ժամանակահատվածում (հունվար-փետրվարին), իսկ մյուս ամիսներին առկա էր լուրջ անկում։





























