Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը սոցցանցերում շատերը համեմատում են ավստրիացի դուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ, որից հետո Առաջին համաշխարհային պատերազմն էր սկսվել։ «Բարեբախտաբար վերլուծաբանները մերժում են այդ համեմատությունը»,- նշումէ Մաքս Ֆիշերը The New York Times–ում։

«Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, որի հետեւանքով զոհվել է Կարլովը։ Կրակողը, որին ոստիկանները սպանել են հանցագործության վայրում, արաբերեն բղավել է «Ալլահ ակբար», իսկ հետո թուրքերեն՝ «Մի մոռացեք Հալեպը, մի մոռացեք Սիրիան»,- ասվում է հոդվածում,- Դա կարող է հուշել նրա դրդապատճառները։ Ռուսաստանի ՕՏՈւ-ն առանցքային դեր են կատարել սիրիական կառավարական ուժերի հարձակման մեջ, որի արդյունքում ազատագրվել են Հալեպի ապստամբ թաղամասերը, ընդ որում այդ գործողության ընթացքում հարվածներ են հասցվել նաեւ խաղաղ բնակչությանը»։

«Կարո՞ղ է արդյոք տեղի ունեցածը հակամարտություն առաջացնել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ։ Քիչ հավանական է,- պնդում է Ֆիշերը,- Երկու կողմերն էլ առայժմ համագործակցության մասին ազդանշաններ են հաղորդում։ Ըստ երեւույթին նրանք համաձայնեցնում են կատարվածի մասին իրենց բացատրությունները՝ մատնացույց անելով ընդհանուր թշնամուն, այլ ոչ թե մեկը մյուսին»։

Ահարոն Սթայնը, Ատլանտյան խորհրդում Թուրքիայի հարցերով փորձագետը, ասել է․ «Թուրքիան պետք է Ռուսաստանին, որպեսզի առաջ տանի իր ռազմական շահերը։ Ռուսաստանը պետք է Թուրքիային, որպեսզի հաղթի Սիրիայում՝ այնպես ինչպես ինքն է ընկալում հաղթանակը»։

«Սպանված դեսպանի պատճառով ճգնաժամ կարող է սպառնալ սիրիական խաղում երկու երկրների ծրագրերին  (կամ, ինչն ավելի վատ է, վերականգնել անցած տարվա ապակայունացնող լարվածությունը),  դրա համար էլ նրանք փորձում են հարթել ամեն ինչ,- պարզաբանում են հոդվածագիրները,- Նաեւ չկան նշաններ, որ Թուրքիան կամ Ռուսաստանը կփոխեն իրենց սիրիական քաղաքականությունը։ Թերեւս  այս ահաբեկչությունն ավելի կամրապնդի նրանց գործընկերությունը»։

Սթայնի կարծիքով նախագահ Էրդողանը կփորձի ուշադրությունը շեղել իր կառավարության ոչ ժողովրդական սիրիական քաղաքականությունից, դեսպանի վրա հարձակման կազմակերպման մեղքը բարդելով ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի վրա։ Փորձագետը կարծում է, որ դա կօգնի Էրդողանին ձեռք բերել բնակչության աջակցությունը Թուրքիայում, որտեղ ԱՄՆ-ին չեն սիրում։ «Հիմնական պարտվողը կլինի Վաշինգթոնը,- եզրակացրել է Սթայնը,- Որքան էլ պարադոքսալ չլինի, բայց պարտվողը Վաշինգթոնն է»։