Եկել է մի իրավիճակ, երբ կարիք է առաջացել մարդկանց բացատրել՝ ինչ է ընտանիքը, ինչ է սերը, հետո բացատրենք, որ այդ սերը բռնություն չի ենթադրում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում եւ ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ նշել է Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանը:

«Մենք այսօր կորցնում ենք արժեքներ, միարժեքություններ, եւ դրա պատճառով է նաեւ, որ ստիպված ենք ասել, որ սերը այգում համբուրվելը չի միայն, ընտանիքը սեր է, եւ դա բռնություն չպետք է ենթադրի: Երկրորդ խնդիրը կատարողական հատվածում գործընկերության պակասն է: Յուրաքանչյուր պետական մարմին փորձում է խնդիրը ինքնագլուխ լուծել:

Անդրադառնալով վերջերս դատարանի կայացրած որոշմանը, երբ 8 տարեկան դստերը մարմնական վնասվածքներ հասցրած հայրը դատապարտվել էր ընդամենը 30 հազար դրամ տուգանքի, Գասպարյանն ասաց, որ գործը սխալ էր որակված. «Պատիժը մեղմացնող հանգամանք էր դիտարկվել մինչեւ 14 տարեկան երեխաներ խնամքին ունենալը: Այն երեխային, որի նկատմամբ բռնություն էր գործադրվել: Պատժի համաչափությունը պետք է վերաբերի անձին, իսկ անձը բնութագրող հանգամանք չի կարող դիտարկվել երեխայի առկայությունը, նման հանգամանք կարող է լինել վերաբերմունքը երեխայի հանդեպ: Երեխա ունենալը անձին որեւէ կերպ չի բնութագրում: Իրավապահների վերաբերմունքը պետք է արմատապես փոխվի»:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը նույն խնդրին անդրադառնալով նշեց, որ այդ գործն ընդհանրապես չպիտի հասեր արդարադատություն. «Երբ մենք խոսում ենք ոչ ադեկվատ հմտություններ ունեցող ծնողավարության մասին, երբ խոսում ենք սոցիալական բավական լուրջ, խորացած խնդիրներ ունեցող ամուսինների միջեւ հարաբերությունների ոչ ընդունելի ձեւերի եւ ոչ երեխայանպաստ մթնոլորտի մասին, այդ դեպքում՝ չեմ կարծում, որ նման իրավիճակի լուծումը կարող է լինել պատիժը, լինի 30 հազար, թե 3 մլն: Խնդրին պետք էր վերաբերվել ոչ թե վարչական պատժողական մեթոդով, այլ ընտանիքում կա խնդիր, ոչ պիտի օգտակար լինի՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները, որքան նուրբ միջամտություն պետք է անել, ինչպես պետք է խոսել ծնողի հետ, երեխան գրկին փախած կնոջ հետ, կամ երեխային բռնարարաի ճանկերում թողած կնոջ հետ, այս ամենի համար պետք է ունենանք բռնության դեպքերի ուղղորդման համակարգ: Այս դեպքերը պետք է գնան ավելի շուտ սոցիալական ծառայություններ, բայց էնտեղ պետք է լինեն կոմպետենտ աշխատողներ»:

Նրա խոսքով, պետության կողմից արմատական փոփոխությունը կլինի հետեւյալը. «Բացառապես սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ոչ թե սոցիալական վարչարարներ, սոցիալական ոստիկաններ, որոնք կկարողանան հոգեբանների հետ համագործակցելով կարողանան առանց աղմուկ անելու, հասարակությանը ցնցելու աշխատեն այդպիսի ընտանիքների հետ: Միակ ձեւը ընտանիքների հետ աշխատելն է: Սոցիալական աշխատողները չեն ուզում որեւէ մեկին բան սովորեցնել, նրանք պատրաստ են նստել լսել թե զոհին, թե բռնարարին»: