Այն ինչ առաջարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անսրադառնալով ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթին:

«Եթե այդ պլատֆորմը կարճ ձեւակերպենք, դա խաղաղություն մուրալու պլատֆորմ է, իսկ մենք բոլորս՝ նկատի ունենալով մեր երկու հարեւանների ռազմական նկրտումներն ու շահերը, նրանցից խաղաղություն չենք մուրում: Նրանց խաղաղություն պարտադրում են, նվաճում են, այն ինչ որ կատարել է հայ ժողովուրդը: Էս պարզ ճշմարտությունը պարոն Տեր Պետրոսյանը շարունակում է չընդունել եւ իրեն թվում է՝ 18 տարին բավարար էր, որ կրկներ իր թեզերը: Լավ է, որ ինքն ամփոփ նշել է, որ մենք ոչինչ չենք ստանում, սկուտեղի վրա մեր արյան գնով ձեռք բերված բոլոր տարածքները հետ ենք  վերադարձնում եւ կարգավիճակի հարցը թողնում ենք ապագային»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանի նշած պլատֆորմի դեպքում Ադրբեջանի զիջումը ո՞րն է. ««Ո՞րն է Ադրբեջանի զիջումը... Միջանկյալ ճանաչումը ոչ մի պարտավորություն չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, իսկ խաղաղապահների տեղադրումը միշտ էլ պիտի լինի, կապ չունի դա: Մեր պայքարն այն էր, որ խաղաղապահնե՞ր տեղադրվեին էստեղ: Ակնհայտ է, որ բոլորովին այլ հայեցակարգերի վրա ենք գտնվում: Զարմանալի է, որ Տեր Պետրոսյանը չի էլ հետեւում, թե մինչեւ հիմա Ղարաբաղի ժողովուրդը ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, որի վրա էլ հենված է Դաշնակցության մոտեցումը»,-նշել է Արմեն Ռուստամյանը՝ զարմանք հայտնելով, որ վաղուց թաղված փուլային տարբերակը պետք վերակենդանացվի: