Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների շահերի պաշտպանները Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին դատավորի դեմ բացարկի միջնորդություն են ներկայացրել: Սակայն, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ներկայացված միջնորդությունը:
Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաեւ երկու ոստիկան, որոնք ասել են, որ քրեական գործով 4 ամբաստանյալներին չեն ճանաչում: Նիստի ընթացքում վատացել է նաեւ ամբաստանյալներից Էդուարդ Զեյթունյանի ինքնազգացությունը, որից հետո դատարան շտապօգնություն են կանչել:
Դատական նիստը հետաձգվել է, այն տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։




























