Աշխատանքներ են տարվում, որպեսզի ազգակցական կապերով դպրոցում աշխատանքի ընդունվելու ավանդույթը վերանա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Վարչապետի հանձնարարականը այն չի վերաբերում այն դեպքերին, երբ դպրոցում տնօրեն կա եւ կան ազգականներ, որոնցից մեկն ասենք ֆիզիկայի ուսուցչուհի է, մյուսը ֆիզկուլտուրայի: Նրանք պետք է աշխատեն: Խոսքն այն մասին է, երբ ուղղահայաց կապ կա, երբ ազգականները ուղիղ իրար ենթակայության տակ են աշխատում եւ երբ մեկը հեռանում է եւ թողնում իր պաշտոնը ժառանգություն: Այս խնդիրն առաջիկայում պետք է լուծվի»,-ասաց նա:
Լեւոն Մկրտչյանը նաեւ նշեց, որ տարբերակ կա դպրոցի տնօրենի գործունեությունը սահմանափակելու եւ այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:
«Տարբերակ կա տնօրենի` տվյալ դպրոցում գործունեություն ունենալու ժամկետը սահմանափակելու, այսինքն` քանի անգամ կարող է նույն մարդը ընտրվել նույն պաշտոնում»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին եւ մարզպետներին դպրոցի տնօրենների ընտրության գործընթացում բացառել ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման հարցը:




























