«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վիճակը սարսափելի է. պետբյուջեից գումարներ են հատկացվում, բայց որեւէ փոփոխություն, դրական շարժ չի լինում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը եւ փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նինա Կարապետյանցը նշեց, որ 2016թ համալիր մոնիթորինգ է անցկացվել, բայց դրանից հետո վիճակը միայն ծանրանում է:

«Հատակը թաց ա, բետոնի հատակ ա ու թաց ա տարին 12 ամիս՝ օրը 24 ժամ, պատերը փտած են, միջատները քայլում են պատերի վրայով, մարդկանց վրայով: Միայն այդտեղ գտնվելը արդեն իսկ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք է ոչ միայն կալանավորների հանդեպ, այլ նաեւ՝ աշխատողների, գնում ես պաշտպանյալիդ հետ հանդիպման, հիվանդանում ես»,- մտահոգություն հայտնեց փաստաբանը:

Նա նաեւ նշեց, որ վիճակը վատ է բոլոր հարցերում՝ կալանավորների բուժման, արտաքին աշխարհի հետ կապի, սննդի, խցերի պայմանների եւ այլն:

«Չկան համապատասխան միջոցներ բուժում իրականացնելու համար: Ես գիտեմ, որ ինձ նախարարությունից, քրեակատարողական վարչությունից կասեն՝ էսքան գումար ա հատկացվել, բայց դեղ չկա: Ես ինքս վերջերս մի անգամ իմ պաշտպանյալի խուց գնալու ճանապարհին լսել եմ՝ կալանավորներից մեկը կողքի խցից ոնց էր մղկտալով գոռում, որ դեղ տան: Բժիշկը ասում էր ցավազրկող տվեք գոնե, մեղկ ա, կմեռնի, հսկիչը ասեց՝ չունենք, ի՞նչ անեմ»,- պատմեց Կարապետյանցը:

Նա հավելեց, որ արտաքին աշխարհի հետ կապի համար նախատեսված տաքսաֆոնները չեն աշխատում, սնունդը շատ վատ վիճակում է, կալանավորների մեծ մասը հրաժարվում է ՔԿՀ-ում տրվող ուտելիքից. «Մեծ մասը հրաժարվում է, հացն են վերցնում, որը, էլի, լավ վիճակում չի, չի համապատասխանում իրենց ներկայացրածին, պատերին կպցրածին: Ուտելու ենթակա ճաշ չի, ես ինքս եմ գնացել տեսել էդ բաժանած կաթը կամ հյութը. գրեթե ջուր է: Դիետիկ սնունդ ընդհանրապես գոյություն չունի, հազարից մեկ իրենց բաժանում են ձեթ, մի քանի հատ ձու»,- ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանն էլ ավելացրեց, որ ՔԿՀ-ում խցերը գերծանրաբեռնված են. «Մարդիկ հերթով են քնում, հացադուլ հայտարարած անձինք չեն առանձնացվում: Երբ 10-ից ավելի մարդիկ նորմալ սնվում են, բայց ինքը հացադուլ է հայտարարել, սրանից ավելի անմարդկային վերաբերմունք չի կարող լինել»:

Փաստաբանները մտահոգություն հայտնեցին, որ ցանկացածը, ով մտնում է ՔԿՀ, երկար ժամանակ չի կարողանում ուշքի գալ, իսկ իրենք Արդարադատության նախարարին ուղղված նամակներին խուսափողական պատասխաններ են ստանում:

«Կխնդրեմ արդարադատության նախարարին՝ մի անգամ, գոնե, «Նուբարաշեն»-ի դուռը բացի ու մտնի ներս, դրանից հետո էլ մեզ սենց պատասխաններ չի ուղարկի»,- ասաց Կարապետյանցը: