Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել NEWS.am-ում հրապարակված «Ով գա Անդրանիկիս ուզենա տանի ծառայության, Հովհաննեսիս վրեժն իրանից լուծելու եմ. վիրավոր զինծառայողի մայր» վերտառությամբ հոդվածի մասին:
«Հովհաննես Պողոսյանի հարցով Պաշտպանության նախարարությունը մշտապես հետամուտ է եղել, որ ամեն ինչ կազմակերպվի բարձր մակարդակով: Հոսպիտալում բուժման եւ Կարմիր խաչում վերականգնողական աշխատանքները դրա լավագույն ապացույցն են: Ծնողի եւ հիվանդի հետ մշտական կապի մեջ են ՀՀ ՊՆ բուժվարչության աշխատակիցները: Գայանե Ասատրյանը ՀՀ ՊՆ-ի մոտ ընդունելության է եղել սեպտեմբերին, տեղում որպես օգնություն ստացել է 500 հազար դրամ օգնություն, չհաշված մեր կողմից ուղղորդված մասնավոր եւ այլ օգնությունները: Իսկ հաշմանդամության կարգի փաստաթղթերը ներկայացվել են հոկտեմբերին, այնպես որ ոչ մի կերպ յոթ ամիս չի ստացվում: Եթե զինծառայողի մայրը խոսում է 500 եւ 100 հազար դրամի մասին, նշանակում է, որ կարգը տրված է, Եթե կարգ չտային, այդ գումարը չէր կարող ստանալ: Կարգ վաղուց զինծառայողը ստացել է, իսկ գումարի փոխանցման փաստաթղթերը Պաշտպանության նախարարությունը կատարել է դեկտեմբերի վերջին, զինծառայողի ընտանիքն այդ գումարը պետք է ստանա Ֆինանսների նախարարությունից: Երկրորդ, հաշմանդամության թոշակը ստանալու մասին դիմումը Պողոսյանները զինկոմիսարիատ ներկայացրել են հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, երբ ստացել են կարգը: Սա նույնպես պրոցեդուրալ ժամկետ ունի, սակայն դիմումը գրելու օրվանից ինքն այդ թոշակը ստանալու է: Ամսական շուրջ 90 հազար դրամ է ստանալու»,- ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորում ստացած Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն, մեզ հետ զրույցում նշել էր, որ առ այսօր փորձում է որդու փաստաթղթերը դասավորել, որ հաշմանդամության թոշակը գոնե ստանան. «Պետության կողմից միանվագ 500 հազար եւ 100 հազար դրամ է նախատեսված, սակայն առ այսօր չենք ստացել: Երբ զանգում ենք, ասում են` այսօր կլինի, վաղը կլինի, ու մինչեւ այսօր նորություն չունենք: Երեւի թե երեք զինվոր է մնացել, որ այդ գումարը չի ստացել, մեզ ասում են` բյուջեում փող չկա: Մենք նույնիսկ հաշմանդամության թոշակը չենք ստանում, վիրավորվելուց յոթ ամիս է անցել, բայց դա էլ են ձգձգում»:
Տիկին Գայանեն ընդգծում է` պետությունից միայն որդուն հասանելիք գումարն է պահանջում, ավելին, ուզում է, որ Պաշտպանության նախարարությունը պատշաճ ուշադրություն դարձնի որդուն: Նշենք, որ Հովհաննեսին այս յոթ ամիսներին միայն առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանն է այցելել, իսկ Սեյրան Օհանյանը երբեք չի այցելել, նույնիսկ շնորհակալագիր չի տվել:





























