Ադրբեջանում փաստաբան Էլչին Սադիգովին թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալներին, որոնք կալանավորվել են փախստականների գյուղում էլեկտրականության անջատման դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով: Այս մասին փաստաբանը հայտնել է Turan գործակալությանը:

Սադիգովը պաշտպանում է Ջեբրաիլի շրջանի երկու փախստականների՝ Ջալալ Գուլիեւի եւ Զաուրա Ֆեյրուզլուի իրավունքները: Նրանք կալանավորվել են Բիլասուվարի շրջանում էլեկտրականության անջատման դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՔՕ 186.2 (ուրիշի գույքի վնասում), 233 (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ) եւ 315 (բռնության գործադրմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրության ցույց տալը) հոդվածներով:

Փաստաբանին Իր պաշտպանյալներին հանդիպելու արգելքը մեկուսարանի ղեկավարությունը պատճառաբանել է դատախազության թույլտվության գրության բացակայությամբ: Սադիգովի տվյալներով ակցիային մասնակցելու հետ կապված կալանավորվել են մի քանի այլ մարդիկ եւս:

Հիշեցնենք, որ մի խումբ փախստականներ դեկտեմբերի 22-ին փակել էին Բիլասուվար-Իմիշլի մայրուղին իրենց գյուղում էլեկտրականության անջատման պատճառով: Ոստիկանությունը մասնակիցներ դեմ ուժ է կիրառել, երկու կողմում տուժողներ են եղել: Հարկադիր տեղահանվածների գյուղերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է պարտքերի փուլային մարման պայմանով: