Անցյալ տարի Վրաստանի եւ «Գազպրոմ-էքսպորտի» միջեւ կնքված պայմանագրի ժամկետը դեկտեմբերի 31-ին լրացել է, մինչդեռ կողմերը մինչ օրս նոր պայմանների շուրջ համաձայնության չեն եկել: Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիի հայտարարությամբ՝ վրացական կողմը վերջին հանդիպումից վերադարձել է չհամաձայնեցված դիրքորոշմամբ: Այս մասին հայտնում է «Գրուզիա On-line»-ը:

Նրա խոսքով՝ բնական գազի տարանցումը ներկայումս սովորական ռեժիմով է իրականացվում, բայց նոր պայմանագրի պայմաններում վրացական կողմը ցանկանում է առավելագույն արդյունքի հասնել, որը պետք է լինի տարանցման գնի դրամային վճարումը, կամ անցյալ տարի գործող պայմանագրին վերադարձը:

Էներգետիկայի նախարարությունում չեն կարողացել հստակեցնել, թե հերթական աշխատանքային հանդիպումը երբ կլինի, բայց ենթադրում են, որ շատ չի ուշանա:

Հիշեցնենք, որ վրացական կողմը «Գազպրոմի» հետ վերջին անգամ հանդիպել է դեկտեմբերի 23-ին: Վրաստանն իր տարածքով գազի տարանցման համար ստանում է գազի ամբողջ ծավալի 10 տոկոսը եւ կողմ է նույն պայմանների պահպանմանը: