inOne ընկերության ծրագրավորողները ստեղծել են նոր հավելված, որը հնարավորություն է տալիս զեղչի եւ կուտակային պլաստիկ քարտերը պահել բջջային հեռախոսում:

Հավելվածի հեղինակներից Եղիշ Եղիազարյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է հավելվածի մասին:

Պարոն Եղիազարյան, Նման հավելված ստեղծելու գաղափարը ե՞րբ առաջացավ։

Մի քանի տարի առաջ, երբ ես աշխատում էի POS տերմինալների ծրագրավորման ոլորտում, միտք հղացավ բոլոր զեղչի եւ կուտակային քարտերը թվայնացնել եւ տեղափոխել մոբայլ միջավայր, քանի որ դրանց պրոցեսները անհամեմատ հեշտ են բանկային քարտերի համեմատ:

Ի՞նչ հնարավորություն է տալիս հավելվածը։

Հավելվածը հնարավորություն է տալիս դատարկել դրամապանակը զեղչի եւ կուտակային քարտերից եւ տեղափոխել դրանք վիրտուալ միջավայր՝ տվյալ դեպքում օգտատիրոջ սմարթֆոն։

Ինչպես հասկացաք հավելվածը օգտատիրոջը կօգնի լուծել նաեւ ամենատարածված խնդիրներից մեկը, երբ դու հասնում ես խանութի դրամարկղ եւ բացահայտում, որ կորցնում ես զեղչից օգտվելու քո՚ հնարավորությունը, միայն այն պատճառով, որ մոռացել ես քարտդ։

Բայց սա դեռ միակ հնարավորությունը չէ։
inOne-ը անհատականացնում է գնորդ հաճախորդ հարաբերությունները։

inOne-ը ստեղծել է նաեւ մի նոր հարթակ, որտեղ կարող եք գտնել բոլոր բրենդային խանութների տվյալ պահին գործող զեղչերը մեկ էջում:

Հավելվածի ստեղծման նպատակը ո՞րն է։

Մեր նպատակն է ստեղծել գնումներն ավելի հարմարավետ դարձնող գործիք։ Մատուցել որակյալ ծառայություն  օգտատերերին եւ ստեղծել մի նոր բիզնես֊գնորդ ինտերակտիվ կապուղի։

Ո՞րն է  դրա նորարարությունը։

Այժմ շատերն են բաժանում զեղչի կամ կուտակային քարտեր իրենց գնորդներին, բայց գնորդներն արդեն հրաժարվում են տասնյակ քարտեր իրենց դրամապանակում պահելու անհարմարությունից։ Այսինքն ժամանակի լավագույն մարկետինգային գործիքը արդեն դադարում է լինել նախկինի պես էֆեկտիվ։

inOne-ը հավելված է, որտեղ կարող ես պահել քո գոյություն ունեցող զեղչի եւ կուտակային քարտերը, այսինքն այլեւս կարիք չկա դրամապանակում պահել պլաստիկ քարտերը։ Ինչպես նաեւ inOne-ով հնարավոր կլինի ձեռք բերել նոր քարտ մեկ հպումով առանց հավելյալ թղթեր լրացնելու, շատ դեպքերում առանց նախապայմանների։

Դրա համար անհրաժեշտ կլինի մեկ անգամ գրանցվել համակարգում։

Մյուս կողմից ժամանակակից կյանքի ռիթմը եւ շուկայի մեծ առաջարկը պարտադրում են խաղի նոր կանոններ։ Այժմ գնորդը ավելի շահեկան դիրքում է եւ բիզնեսը գնորդին պետք է առաջարկի ավելին քան միայն զեղչը։

inOne-ը փոխում է մինչ այժմ ունեցած պատկերացումները լոյալության համակարգի վերաբերյալ եւ բիզնեսին տալիս է իրենց գնորդներին ավելի անհատականացված մեսիջներ ուղարկելու նոր հնարավորություն։

Ինչպե՞ս օգտվել հավելվածից։

Ցանկացած զեղչի կամ կուտակային քարտի վրա կան քարտի թվերը, որը inOne հավելվածում ներմուծելուց եւ հիշելուց հետո վերածվում է գծիկային կոդի(barcode)։ Հենց այդ գծիկային կոդն էլ այդուհետ դառնում է հաճախորդի զեղչի քարտը, որը պետք է ցույց տալ դրամարկղում։

Ո՞րն է հավելվածի առավելությունը։

Հավելվածի առավելություններից է այն, որ բոլոր բրենդային ապրանքանիշերի քարտերը եւ տվյալ պահին գործող տարբեր ակցիաներն ու նորությունները մեկ հավելվածի մեջ են։ Գնորդը մեկ ցուցակից միանգամից տեսնում է բոլոր խանութների զեղչերը։
Որքա՞ն ժամանակ եք աշխատել դրա ստեղծման վրա։

Տեւական ժամանակ է աշխատում ենք հավելվածի վրա, մոտ մեկ տարի։

Ովքե՞ր են դրա հեղինակները։

Թիմը բաղկացած է մի քանի մասնագիտություններ ունեցող եռանդուն եւ մոտիվացված անդամներից, թիմում ունենք բարձրակարգ ծրագրավորողներ, ֆինանսիստ, կրեատիվ դիզայներ: Բոլորս էլ ջանք չենք խնայում մեր գծով մեր ներդրումն ունենալ այս նախագծում, այսինքն բոլորս էլ ստեղծագործում ենք:

Ո՞րն է այն նշաձողը, որով այս հավելվածի միջոցով ցանկանում եք հասնել։

Մենք ցանկանում ենք աշխարհի շատ երկրներում մատուցենք inOne-ի ծառայությունները։ Նշաձող որպես այդպիսին չունենք, այս պահին մեր գործի բիզնես կոմպոնենտը այդքան էլ կարեւոր չէ, ավելի կարեւոր է որքան հնարավոր է լավ ծառայություն մատուցել մեր հավելվածի օգտատերերին։

Այս պահին ո՞ր խանութներն են համագործակցում inOne համակարգի հետ։

MotherCare, Chicco, Prenatal այս բրենդային խանութները առաջիններից էին ովքեր բարձր են դասում իրենց հաճախորդների հարմարավետությունը եւ կիրառեցին inOne բջջային հավելվածը որպես պլաստիկ քարտերին այլընտրանք, իսկ Carpisa-ն՝ որպես իր հաճախորդների հետ անհատական շփման այլընտրանք։

Երկու խոշոր բրենդային ապրանքանիշեր ներկայացնող ընկերություններ եւս շուտով կմիանան։

Կան շատ խանութներ, դեղատներ, որտեղ բավական է ասել միայն քարտի թվերը եւ կուտակել միավորներ, այստեղ եւս inOne-ը կօգնի հիշել այդ քարտերի թվերը եւ ցույց տալ դրամարկղում:

Անկախ նրանից թե, որ խանութներում, երբ հնարավոր կլինի պլաստիկ քարտի փոխարեն կրառել inOne հավելվածը, իսկ դա միայն մի փոքր ժամանակի հարց է, վստահորեն կարող եմ ասել, որ այսօրվանից արդեն inOne-ով կարող եք գտնել բոլոր բրենդային խանութների տվյալ պահին գործող զեղչերը, հասցեները քարտեզում եւ այլ նորությունները մեկ հպումով։ Նման հարթակ Հայաստանում դեռ չկար։

Եվ վերջում ի՞նչ կցանկանայիք փոխանցել հավելվածի օգտատերերին:

inOne-ը հասանելի է android եւ ios համակարգերի համար։