Եղանակային այս պայմաններում դեռեւս հնարավոր չէ սառույցից ամբողջությամբ մաքրել նշված բակային տարածքները: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նշել է. «Երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում եւ միջբակային տարածքներում դեռ ունենք անելիքներ: Տեւական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում մասնավորապես բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին»:

Նրա խոսքով, նշված տարածքները աղի եւ ավազի խառնուրդով պարբերաբար մշակման աշխատանքները պետք է իրականացվեն պարտադիր: «Բացի այդ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, զուգահեռաբար շարունակեք նաեւ բազմաբնակարան, ինչպես նաեւ հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: