ՌԼԴԿ-ն Պետդումայի մշակույթի հանձնաժողովին խնդրելու է քննարկել հունվարյան արձակուրդի օրերին հեռուստատեսությամբ հայտնի արտիստների մասնակցությամբ ամանորյա հաղորդումների հեռարձակման հետ կապված իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Մեր քաղաքացիներին դադարել են դուր գալ այդ հաղորդումները: Հաճախ դրանք միեւնույն հաղորդումներն են, միեւնույն հաղորդավարները: Չեմ նշի այդ դերասանների անունները. նրանք մեզ մոտ շատ նեղացկոտ են: Բոլոր ալիքներով նույն բանն է, զզվելի է դիտել»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաեւ հավաստել է, որ «տարբեր ատյաններ» նման հաղորդումների դեմ բողոքով 10 հազար նամակ են ստացել:

Ժիրինովսկին նշել է, որ հեռուստաալիքներից մեկի ղեկավարին խնդրել է եթերից հանել այդ հաղորդումներից մեկը, սակայն մերժում է ստացել՝ պարզաբանմամբ, որ նման հաղորդումներն «ամենավարկանիշայինն են»:

«Նշանակում է՝ խնդիրը փողի մեջ է: Փողի պատճառով միլիոնավոր մարդիկ պետք է տանջվեն ու դիտեն հաղորդումներ, որոնք նրանց դուր չեն գալիս»,- հայտարարել է ՌԼԴԿ ղեկավարը: