Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ՆԳ նախարարությանը հանձնարարել է  պարզել Թբիլիսիի Վարդերի հրապարակին կից գիշերային ակումբում ստեղծված իրավիճակը, որտեղ, նրա խոսքով, վրացի տղամարդկանց թույլ չեն տալիս մտնել, իսկ անչափահաս աղջիկներին մարմնավաճառության մեջ են ներգրավում, փոխանցում է «Sputnik-Գրուզիա»-ն:

Նշված գիշերային ակումբներում ժամանակ են անցկացնում հիմնականում արտասահմանցիները՝ արեւելյան երկրների ներկայացուցիչները: «Բարերում եւ զանազան օբյեկտներում իրավախախտումներ են կատարվում: Ցանկանում եմ ՆԳ նախարարին եւ նախարարությանը հանձնարարել այս խնդրով հետաքրքրվել: Խոսքն այն մասին է, որ խտրական մոտեցում է կիրառվում»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:

Դրանից 2 ժամ հետո վարչապետը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ. «Չգիտես ինչու, մեկնաբանություններ են տարածվել, որ ես իբր մտահոգված եմ, որ վրացի թղամարդկանց թույլ տալիս գիշերային ակումբներ մտնել: Ցավում եմ, որ ինչ-որ մեկն այդպես է հասկացել, սակայն ցանկանում եմ ասել, որ այդ ակումբներում մարմնավաճառություն է կատարվում, այդ թվում՝ մեր անչափահաս քաղաքացիների կողմից: Եվ վրացի ոչ մի տղամարդ չի հանդուրժի այն, ինչ այնտեղ կատարվում է: Այդ պատճառով էլ նրանց այնտեղ թույլ չեն տալիս մտնել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կվիրիկաշվիլին: