Առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու փորձի եւ կաշառք տալուն դրդելու մեջ մեղադրվող «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այսօր` հունվարի 11-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արտակ Գալստյանը:

«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում: Բացի այդ իմ պաշտպանությունը ճիշտ կառուցելու համար ինձ առաջադրված մեղադրանքներում առկա շատ փաստեր իմ համար անհասկանալի են: Օրինակ` հանցագործության ժամը նշված չէ, խնդրում եմ, որպեսզի դատախազը պարզաբանի»,-ասաց նա:

Արտակ Գալստյանի բարձրացրած հարցին դատախազը պարզաբանեց, որ հանցագործության կատարման ժամի վերաբերյալ քրեական գործում կան փաստական հանգամանքներ, որը դատաքննության ընթացքում կպարզվի:

Դատարանը որոշում կայացրեց սահմանել ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը` գործում առկա ապացույցները հետազոտել, հարցաքննել վկաներին, տուժողին եւ վերջում ամբաստանյալին:

Դատախազը միջնորդեց հետաձգել գործով դատական նիստը: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 26-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Արտակ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը: