62-ամյա կնոջը բռնաբարելու մեջ մեղադրվող 50-ամյա Արամ Ս.-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել բռնաբարության եւ ապօրինի ուրիշի տուն մուտք գործելու մեջ եւ դատապարտել 3 տարի ազատազրկման եւ 50 հազար դրամ տուգանքի: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, 2016 թ. ապրիլի 15-ին, 22-23-ն ընկած ժամանակահատվածում Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի գյուղերից մեկի 62-ամյա բնակչուհու տուն, բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել հետը:
Արամն ալյուրի դատարկ պարկը քաշել է կնոջ գլխին, պարկի վրայից բռնել է նրա բերանը, որ չգոռա եւ բռնության գործադրմամբ նրան տարել է ննջասենյակ: Այնտեղ մի քանի անգամ ապտակել է 62-ամյա կնոջը, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն, կինը մերժել է: Արամը նրան հրել, գցել է մահճակալին, հանել է նրա շորերը եւ սեռական հարաբերություն ունեցել հետը: Այնուհետեւ լսելով ոտնաձայներ՝ Արամը դադարեցրել է իր գործողությունները ու թաքնվել նույն սենյակում գտնվող մանկական մահճակալի հետեւում: Տուժողի դուստրը տեսել է Արամին, որից հետո նա փախչել է:
Արամ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 138 հոդվածի 1-ին մասով` Բռնաբարություն եւ 147 հոդվածի 1-ին մասով` Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը:
Արամն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել:





























