Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է «Շմել» տեսակի ռեակտիվ հրանետ կիրառելու մասին Ադրբեջանի մեղադրանքները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հարեւան պետության պաշտպանական գերատեսչության հնչեցրած մեղադրանքն ապատեղեկատվություն է, որը սադրիչ բնույթ է կրում:
«Հայկական կողմը բազմաթիվ դեպքերում չի պատասխանում հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Միաժամանակ, Արծրուն Հովհաննիսյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը հանդես է գալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգտին եւ պատրաստ է հետաքննել ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ միջադեպ:
«Այնպես որ՝ խնդիրն Ադրբեջանի դիրքորոշման մեջ է, արդյո՞ք նրանք պատրաստ են պարզել իրենց իսկ հայտարարած միջադեպի հանգամանքները»,- ամփոփեց ՊՆ խոսնակը:





























