Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղում մեկնարկել են գյուղի վերականգնման շինարարական աշխատանքները:   NEWS.am-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ այս պահին կատարվում են համայնքապետարանի եւ հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները:

Վիլեն Պետրոսյանը նաեւ նշեց, որ գյուղում շարունակում են մնալ Թալիշ վերադարձած շուրջ 10 տղամարդ, որոնք ցանկություն են հայտնել ընդգրկվել զինված ուժերում:

«Սկզբում ուզում էին ընդգրկվել գյուղի վերականգման աշխատանքներին, բայց այժմ ցանկություն են հայտնել դառնալ պայմանագրային զինծառայող եւ պաշտպանել մեր հողերը»,-ասաց նա:

Արցախի իշխանությունները որոշում էին կայացրել Թալիշի վերականգման ուղղությամբ շինարարական աշխատանքներ  սկսելու: ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, որ գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: Վիտալի Բալասանյանը նշել էր, որ այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի եւ, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Թալիշի բնակիչները տարհանվել են, գյուղն ավերվել: 2016թ. հուլիսի 25-ից թալիշցիները սկսել են բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում, այս պահին այնտեղ է բնակվում շուրջ 28 թալիշցի ընտանիք՝ ընդհանուր 114 բնակիչ: Երեխաների համար Ալաշանում բացվել է նաեւ դպրոց, որտեղ սովորում է 23 աշակերտ: