«Գազպրոմ էքսպորտի» հետ վրացական կողմի  կնքած համաձայնագրի մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ են եւ անհիմն։ Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։

«Պարոն նախագահը կարող է պահանջել այդ համաձայնագրի մանրամասները, նա ունի դրա հասանելիությունը։ Պետք չեն այդ ոչ պրոֆեսիոնալ եւ չհիմնավորված հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին։ Իհարկե, շատ ափսոս, որ նման բան է տեղի ունենում»,– ասել է Կալաձեն։

Ինչ վերաբերում է վրացական կողմից համաձայնագրի դետալները չհրապարակելու վերաբերյալ կոմերցիոն գաղտնիքին՝ ապա դա նորմալ պրակտիկա է բոլոր երկրներում նմանօրինակ համաձայնագրերի համար, ասել է փոխվարչապետը։

Նշենք, որ անցյալ շաբաթ վրացական կողմը որոշում կայացրեց ռուսական «կապույտ վառելիքը» Հայաստան տարանցելու համար միջնորդավճարը ստանալ գումարով, այլ ոչ թե գազով։