Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու եւ փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատական նիստը հետաձգվեց: ՔԿՀ-ից դատարան չէր տեղափոխվել ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը, համապատասխան գրությունով դատարանին տեղեկացրել էին, որ Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Որպես Էլզա Զաքարյանի շահերի պաշտպաններ ներգրավվեց երեք փաստաբան: Պաշտպանները գործի նյութերին ծանոթանալու համար դատարանից ժամանակ խնդրեցին: Դատարանը նիստը հետաձգեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ Կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: