ՀՀ Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին,  Երեւան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:

Նախնական քննության տվյալներով` Ա.Սուրմենելյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթի տանը հյուրընկալվելիս: Վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ երկու հարված է հասցրել Ա.Սուրմենելյանի կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել հունվարի 20-ին Երեւանի կենտրոնում սպանություն կատարած անձին: Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 53-ամյա Հայկ Սուքիասյանը եւ հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:

Բնակարանի միջանցքում հայտնաբերել է 53-ամյա Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Սուքիասյանն իր իսկ բնակարանում դանակով հարվածել  է Արմեն Սուրմենելյանին եւ պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է, իսկ կասկածյալը ձերբակալված:

Հայկ Սուքիասյանը չի աշխատում, իսկ սպանված Արմեն Սուրմենելյանն ամուրի էր: