Պանամայի իշխանությունները դադարեցրել են տեղական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ գործի հետաքննությունը, որոնցից հետեւում էր, որ ընկերությունն արտասահմանյան քաղաքական գործիչներին, ձեռնարկատերերին եւ աստղերին օգնել է օֆշորային հաշիվներ բացել եւ դրանք կառավարել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Պանամայի գլխավոր դատախազի խոսքով՝ հետաքննությունը դադարեցնելու պատճառը երկրի Սահմանադրական դատարանի ստացած բողոքն է քննիչների գործողությունների դեմ, որի համաձայն նրանք խախտում են սահմանադրությունը:

Հետաքննությունը չի վերսկսվի մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից բողոքի քննումը:

Mossack Fonseca ընկերության միլիոնավոր գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա ապրիլին: Փաստաթղթերում հիշատակվում են երկրների գործող կամ նախկին 72 ղեկավարներ, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսմեններ եւ մշակույթի գործիչներ:

Ընկերության հիմնադիրների խոսքով՝ փաստաթղթերը լրատվամիջոցներում են հայտնվել ընկերության  վրա հաքերային հարձակումից հետո: Mossack Fonseca-ի հիմնադիրը հայտարարել է, որ ընկերությունը ապօրինի գործունեությանը չի մասնակցել, եւ նյութերի հրապարակումը հանցագործություն է համարել: Այդուհանդերձ, Պանամայի դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է «պանամյան փաստաթղթերում» հիշատակված ապօրինի ստեղծված օֆշորային ընկերությունների դեպքերով հետաքննություն սկսել: