ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ատոմային սուզանավերը Մեծ Բրիտանիայի ափերին՝ Հյուսիսային ծովի ջրերում միմյանց են բախվել սառը պատերազմի թեժ տարիներին՝ 1974 թվականին: Այս մասին հայտնել է The Times-ը՝ վկայակոչելով ԿՀՎ-ի հրապարակած փաստաթուղթը:
Ավելի քան 40 տարի գաղտնի պահվող հեռագրում նշված է, որ պատահարը տեղի է ունեցել ամերիկյան սուզանավերի բազավորման վայրին կից տարածքում՝ Հոլի Լոխ (Շոտլանդիա) նեղուցում, որը Գլազգոյից 50 կմ է հեռու, որտեղ ԱՄՆ-ը 1961-ից մինչեւ 1992 թվականները սուզանավերի բազա ուներ:
1974 թվականի նոյեմբերի 3-ով թվագրված փաստաթուղթը ուղղված է եղել այդ տարիների ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերին: «Պենտագոնից հաղորդում է ստացվել, որ մեր Poseidon դասի սուզանավերից մեկը քիչ առաջ բախվել է խորհրդային սուզանավին: Ռազմավարական նշանակության James Madison հրթիռային սուզանավը դուրս էր եկել Հոլի Լոխից՝ դիրքավորվելու համար, երբ բախվել է խորհրդային սուզանավին, որը բազայի սահմաններից դուրս սպասում էր հետեւելու նպատակով, երկու նավերն էլ ջրից դուրս են լողացել, սակայն հետո խորհրդային սուզանավը կրկին խորասուզվել է: Առայժմ չի հաղորդվում վնասվածքների աստիճանի մասին, ձեզ տեղյակ կպահենք»,- The Times-ը հրապարակել է հեռագրի տեքստը:
«160 միջուկային մարտագլխիկ տանող ամերիկյան սուզանավի բախումը խորհրդային սուզանավին այնքան լուրջ էր, որ կարող էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը դնել»,- ասել է փորձագետներից մեկը:




























