Թեեւ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առանձին ոլորտներում համագործակցությունը արդյունավետ է, սակայն ապրանքաշրջանառության ներկայիս ծավալ դեռեւս գոհացնող չէ երկու կողմերի համար էլ, եւ հարկավոր է այն ծավալել ու զարգացնել: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կայացած հայ-բելոռուսական գործարար հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Բելոռուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում Բելոռուսի Հանրապետության դեսպանությունը, Բելառուսի առեւտրաարդյունաբերական պալատի Մոգիլյովի մարզային բաժանմունքը եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատը:

Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ՝ այս հանդիպումն ամենից առաջ նպատակաուղղված է մեր երկրների միջոցով երրորդ երկիր դուրս գալու խնդրին:

Շնորհանդեսով ներկայացվեցին բելառուսական ընկերությունների լավագույն արտադրանքը եւ հետաքրքրությունները:

Քանի որ մինչ հանդիպումը հայկական եւ բելառուսական ընկերությունները նախապես շուրջ 250 հեռախոսային պայմանավորվածությունների միջոցով կոնկրետացրել էին հանդիպման խնդիրներ, բնականաբար երեւանյան կլոր սեղան հանդիպումը առավել քան արդյունավետ եղավ: