Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրքը, որում խորհրդարանի համար կշարադրի ԵՄ կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը: Այս մասին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է՝ Համայնքների պալատում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցած շաբաթ ես համարձակ ծրագիր ներկայացրեցի Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական կարգավիճակին հասնելու նպատակով: Ես ընդունում եմ, որ այս պալատում շահագրգռված են, որ այդ պլանը մարմնավորվի Սպիտակ գրքում»,- ասել է Մեյը՝ ընդգծելով. «Պալատի անդամների առաջ կարող եմ հաստատել, որ մեր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»:

Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրապարակում է, որը դրվում է օրենսդիր ակտի հիմքում: Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը նախօրեին կառավարությանը պարտավորեցրել է նախապես ստանալ խորհրդարանի աջակցությունը, մինչեւ ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու գործընթացն սկսելը:

 Մեյը չի հստակեցրել, թե այդ օրինագիծը երբ կներկայացվի պատգամավորների քննարկմանը: