Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը եւ նրա տեղակալ Գ. Հովհաննիսյանը չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները` շուրջ 10 տարի անտեսելով ապօրինի կառուցված  կախովի պատշգամբն ապամոնտաժելու վերաբերյալ դատարանի վճիռը:

Կատարված քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը դեռեւս 04.12.2006թ.-ին ստացված կատարողական թերթիկի հիման վրա պետք է ապամոնտաժեր Իրա Հակոբյանի կողմից Երեւանի Լեոյի փողոցի 37 հասցեում  ապօրինի կառուցված  կախովի պատշգամբը: Չնայած նշված պահանջը պետք է կատարվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, սակայն Գ. Հովհաննիսյանը տարբեր պատճառաբանություններով շուրջ 10 տարի խուսափել եւ չի ապամոնտաժել  ապօրինի կառուցված պատշգամբը, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել քաղաքացի Մ. Գասպարյանի իրավունքներին եւ օրինական շահերին: Վերջինս հարկադիր կատարողի անգործության հետեւանքով զրկվել է իրեն պատկանող ավտոտնակն օգտագործելու հնարավորությունից, ավելին` տարիներ շարունակ անպատասխան են մնացել այդ կապակցությամբ նրա կողմից տարբեր իրավասու մարմիններ ուղարկված բազմաթիվ դիմում-բողոքները: Ի վերջո, քաղաքացին որոշել է դեպքի վերաբերյալ հաղորդում տալ Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ էլ  հիշյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Գործով իրականացված նախաքննության ժամանակ նաեւ բացահայտվել է, որ ի իր ծառայողական պարտականությունները չի կատարել ոչ միայն ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի  պետի տեղակալը, այլ նաեւ նույն բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը, ով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթով սահմանված երկամսյա ժամկետում դատական վճիռը կատարելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել եւ միջոցներ չի ձեռնարկել նրա անգործությունը վերացնելու ուղղությամբ:

Այսպիսով,  2006–2015թթ.-ի ընթացքում  ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաները շարունակ ձգձգել եւ չեն ապամոնտաժել ապօրինի կառույցը`  էական վնաս պատճառելով նաեւ պետության օրինական շահերին, ինչի հետեւանքով հեղինակազրկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, իսկ դատական ակտի պահանջներն այդպես էլ մնացել են անկատար:

Կատարած հանցավոր արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Ա. Մարտիրոսյանին եւ Գ. Հովհաննիսյանին: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: