Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների մասին բանաձեւին։ «Եվրոպական ճշմարտություն» պարբերականի փոխանցմամբ՝ բանաձեւին կողմ է քվեարկել ԵԽԽՎ 106 պատգամավոր, դեմ՝ 11, 9-ը ձեռնպահ է մնացել։

Փաստաթուղթն արձանագրում է Ուկրաինայի առաջընթացը հարցերի մեծ մասում։ Միաժամանակ, բանաձեւի քննարկման ժամանակ դրանում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես ընդդիմության իրավունքների ապահովման հարցում ու Ուկրաինայի հասցեին որոշ վերապահումներ են ներառվել՝ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման հարցում։

Լեզվի հարցին վերաբերող փոփոխությունները առաջ են մղել Ուկրաինայի հարեւան պետությունների՝ Հունգարիայի, Ռումինիայի ու Լեհաստանի ներկայացուցիչները։Մասնավորապես ԵԽԽՎ ներկայացուցիչներին վրդովեցրել են տվյալ հարցի շուրջ օրինագծերը, որոնք վերջերս էին Ռադա ներկայացվել։