ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «Սիրիայում հաստատ անվտանգության գոտի կստեղծի» փախստականների համար, որոնք բռնությունից թաքնվում են պատերազմով բռնկված երկրում: Նա նշել է, որ աշխարհը «չարն» է դարձել եւ վերածվել է «լիակատար քաոսի», փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
АВС News-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ Եվրոպան հսկայական սխալ է թույլ տվել Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ «թեժ կետերից» միլիոնավոր փախստականների ընդունելով: «Ես չեմ ցանկանում, որ դա այստեղ էլ պատահի: Ես հաստատ Սիրիայում մարդկանց համար անվտանգության գոտիներ կստեղծեմ»,- ասել է նա՝ մանրամասների մեջ չխորանալով:
Reuters-ին հասանելի դարձած փաստաթղթի համաձայն՝ առաջիկա օրերին Թրամփը Պենտագոնին եւ Պետքարտուղարությանը կկարգադրի «անվտանգության գոտիներ» ստեղծելու ծրագիր մշակել: Թրամփի ստորագրությանը սպասող հրամանագրի նախագծով կոչ է արվում «Սիրիայում եւ շրջակա տարածաշրջանում» այդպիսի գոտիներ ստեղծել: Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում մանրամասներ չկան, թե անվտանգության գոտիներն իրենցից ինչ են ներկայացնելու, հատկապես որտեղ են ստեղծվելու, եւ ով է դրանք պաշտպանելու:




























