2011 թվականին Հայաստանը կապահովի ոչ միայն նախանշված տնտեսական աճը, այլ նաեւ կգերազանցի այն: Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց  Ազգային ժողովի  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը:

«Առաջին, նախատեսվում է 4,6 տոկոս ՀՆԱ աճ, բյուջեի դեֆիցիտը, 2010-ի 6,8 տոկոսի համեմատ, կկազմի 3,4 տոկոս։ Վերականգնվում են մի շարք ոլորտներ՝ շինարարություն, զբոսաշրջություն, ծառայություններ եւ այլն։ Տնտեսական աճն ավելի մեծ կլիներ, եթե նախորդ տարի գյուղատնտեսությունը չձախողեր»,- հայտարարեց Այվազյանը։

«Առավել լուրջ խնդիր է գների կտրուկ բարձրացումը, այդ հարցն այսօր կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ դրա դեմ պայքարի մեխանիզմներ են նախագծվում»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ կանխատեսումների համաձայն 2011 թվականին գնաճը կլինի 5,7 տոկոսի սահմաններում։

Վարդան Այվազյանը կարծում է, որ գործող հարկային օրենսդրությունը շատ բարդ է գրված, ինչը բավական շատ խնդիրներ է ստեղծում։