Մարոկկոյական ծագմամբ Գերմանիայի քաղաքացի Սաֆիա Ս.-ն, որը Հանովերում դանակով ոստիկանի վրա էր հարձակվել, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, պատիժը կրելու է անչափահասների ուղղիչ հաստատությունում: Այսպիսի որոշում է ընդունել Ներքին Սաքսոնիա դաշնային հողերի բարձրագույն դատարանը: 16-ամյա աշակերտուհուն մեղադրել են սպանության փորձի, մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար, փոխանցում է DW-ն:

Քննիչները պաշտոնապես նրան համարել են խմբավորման առաջին ներկայացուցիչը, որը Գերմանիայում ահաբեկչություն է իրականացրել ԻՊ-ի ղեկավարների հրամանով: Սաֆիան իր մեղքն ընդունել է եւ երկու անգամ՝ մեկուսարանից նամակով, ապա դատարանի դահլիճում ոստիկանից ներողություն է խնդրել: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նրա պաշտպանը պնդում է, որ նա արմատական իսլամիստ չէ, եւ պահանջում է նրա պատիժը մեղմացնել: Աշակերտուհու փաստաբանը դատավճռի հրապարակումից անմիջապես հետո այն բողոքարկել է:

2016-ի հունվարին Սաֆիա Ս.-ն Ստամբուլում է եղել՝ մտադրվելով հետագայում Սիրիայում միանալ ԻՊ-ին: Սակայն մայրը նրան Թուրքիայից Գերմանիա է տարել, որտեղ նրան հաջողվել է համացանցով կապ հաստատել ԻՊ-ի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարել են Հանովերում նրա հարձակումը, հայտնել են քննիչները:

Սաֆիայի 20-ամյա ընկերը՝ սիրիական ծագմամբ գերմանացին, որը տեղյակ էր աղջկա ծրագրերին, դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման հանցագործության մասին չհայտնելու համար: