Հայաստանի իշխանությունների նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումները նպատակ ունեն լուծել կենսաթոշակի խնդիրն այնպես, որ վաղվա կենսաթոշակը լինի աշխատավարձի գոնե 50 տոկոսը: Այսօր` նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով, ըստ այդ բարեփոխումների, Հայաստանում լինելու է պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանն էլ հավելեց, որ կենսաթոշակները պետք է ապահովեն սպառողական զամբյուղի նվազագույնը: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ունենալու ենք ֆինանսական միջոցների հավաքման խնդիրներ: Բեռը գնալով աշխատող անձանց վրա աճելու է»,- ասաց նա հավելելով, որ այսուհետ մարդու կենսաթոշակը պետք է կախված լինի իր կատարած վճարումներից:
Ասուլիսի երրորդ բանախոսը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, սակայն կասկած հայտնեց, թե կենսաթոշակային բարեփոխումները կարող են դրական արդյունք տալ: «Ես չեմ հավատում, որ այսօրվա իշխանությունները կարող են ինչ-որ բան անել: Նրանք չունեն վճռականությունը բարեփոխումները մինչեւ վերջ անելու համար: Ներկայացվածը գեղեցիկ խոսքեր են, որի տակ թաքնված է իշխանությունների ցանկությունների եւ կարողությունների բացակայությունը»,- կարծիք հայտնեց Բագրատ Ասատրյանը, հավելելով, որ բարեփոխումների տեսանկյունից հասել ենք այն սահմանին, որից հետո ամեն տարի ավելի դժվար է լինելու բարեփոխում անել:
«Ժողովրդագրական առումով հասել ենք մի սահմանի, երբ կտրուկ նվազում է աշխատունակների թիվը, եւ աճելու է կենսաթոշակառուների թիվը»,- նկատեց նա:





























