Քուվեյթի բիզնես հատվածին կներկայացնենք ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզին: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման գործում: Կարեն Կարապեպյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ քաղաքական փոխգործակցությունը եւ կարեւորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: «Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որպեսզի երկու երկրների ներդրումային կառույցների միջեւ ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսվարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը դեսպանին առաջարկել է դիտարկել նաեւ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը:

Նաուֆ Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու եւ դրանք էլ ավելի բարձր մակարդակի հասնցելու համար: Դեսպանը եւս կարեւորել է տնտեսական կապերի խորացումը՝ ավելացնելով, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ ՀՀ-ում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ: «Պատրաստ ենք քննարկել եւ Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- նշել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը՝ ավելացնելով, որ Քուվեյթի էմիրի կողմից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է անհրաժեշտ ջանքեր:

Երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում զրուցակիցները կարեւորել են նաեւ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: