ՀՀ տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում ամեն երեքշաբթի եւ ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի skype-ի միջոցով ուղիղ կապ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կապի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը եւ լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
«Ոստիկանության ներկայացուցիչներին կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական եւ ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձեւակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաեւ պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Հերթական ուղիղ կապը կկայանա այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 15-17-ը:
Սկայպի հասցեն է Hkav Zenq
Կարող եք հարցեր ուղղել նաեւ [email protected] էլեկտրոնային հասցեին»,-ասված է հաղորդագրության մեջ:



























