Լոռու մարզում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են: Այս մասին նշվել է հունվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի Լոռու մարզ այցելության ժամանակ: Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ իրավապահ մյուս համակարգերի մարզային կառույցների ղեկավարները: Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը զեկուցել է 2016թ-ի ընթացքում կատարված աշխատանքների մասին, ներկայացրել է առաջիկա անելիքները:

ՀՀ գլխավոր դատախազը մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված կոնկրետ հանձնարարականներ է տվել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: Շեշտադրվել է նաեւ յուրաքանչյուր քրեական գործով հանցանքը ծնող պատճառների, նպաստող պայմանների լիարժեք բացահայտման անհրաժեշտությունը, դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության  միջոցների հետեւողական կիրառումը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության, ինչպես նաեւ իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ տվել է այլ հանձնարարականներ: