Թուրքիայի ղեկավարությունը զբաղված է անօգուտ մտավարժանքներով։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը, ով կրկին կոչ է արել Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի 1915 թվականի դեպքերը:

Շարմազանովի խոսքով, Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է եւ 20-րդ դարի մարդկության դեմ իրականացված ամենադաժան հանցագործություննրերից մեկն է, որի հեղինակն այն ժամանակվա թուրքական կառավարությունն է. «Աննպատակ առաջարկություններ ու մտավարժանքներ անելու փոխարեն, Թուրքիան պետք է հաշտվի սեփական պատմության հետ, օրինակ վերցնի Գերմանիայից, որը ճանաչեց իր մեղսակցությունը հրեա ժողովրդի Հոլոքոստը կազմակերպելու գործում։ Չավուշօղլուն, եթե տեղյակ չի, ապա կարող է տեղեկանալ 1915թ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի հայտարարությանը, որը հենց այդ ժանակաշրջանում Թուրքիայի գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակեցին, որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն։ Իսկ, եթե դա էլ տեղյակ չի կարող է 1919թ Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի որոշումը ընթերցել, որտեղ Հայոց ցեղասպանությունը  որակվել է որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»:

ՀՀԿ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ նման անօգուտ գործով զբաղվելոը փոխարեն ավելի լավ կլիներ, որ Թուրքիան 2 քայլ աներ՝ հաշտվել սեփական պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացել հայ-թուրքական սահմանը ու իրականացնել այն պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել 2009թ. ի վեր։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հունվարի 27-ի երեկոյան Հայաստանի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։ Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, թե կրկին կոչ է անում Հայաստանին համատեղ հանձնաժողով ստեղծել։ «Թող բոլորը բացեն արխիվները, թող տարբեր երկրներից գան գիտնականներն ու մասնակցեն պատմության քննարկումներին»,-ասել է Մեւլութ Չավուշօղլուն: