ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի իշխանությունների հետ «լեզու է գտնում» եւ շարունակում է աշխատել երկու երկրների սահմանին պատի հարցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CBN-ի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե որքանով են լուրջ Մեքսիկայից ներմուծումը 20 տոկոսով հարկելու ԱՄՆ իշխանությունների մտադրությունները, Թրամփը հայտարարել է. «Դա այն է, ինչը ես իրավասու եմ անել, եւ այն, ինչը կմտցնեմ ցանկության դեպքում»:

«Մենք աշխատում ենք Մեքսիկայի իշխանությունների հետ: Վերջերս հեռախոսով զրուցել եմ մեքսիկական կառավարության, ավելի ճիշտ՝ Մեքսիկայի նախագահի հետ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Զրույցը նա ջերմ է անվանել, իսկ Մեքսիկայի նախագահին՝ «լավ մարդ»: Հեռախոսազրույցի ընթացքում Էնրիկե Պենյա Նյետոն Թրամփի հետ պայմանավորվել է սահմանային պատի վճարման թեման հրապարակայնորեն չքննարկել, նշված է Մեքսիկայի կառավարության հաղորդագրության մեջ: