ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երեւան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ Երեւան քաղաքում գործող ակումբներից մեկում հափշտակել է «iphone 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քաղաքացին ճանաչվել է տուժող: Վերջինս վարույթն իրականացրած մարմնին է ներկայացրել հեռախոսով կատարված լուսանկարներ, որոնցում պատկերված տղամարդը, ըստ տուժողի, վերցրել է իր հեռախոսը։  Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: