Արմավիրի մարզում անցած տարվա դեկտեմբերի 16-ին սերբ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռեւս չեն ստացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց այս գործով մեղադրյալ սերբ Յուբիշա Ստանիսլավի պաշտպան Կարեն Ստեփանյանը:
«Այժմ նախաքննություն է ընթանում, ավելին ասել չեմ կարող: Բացի դրանից, փորձաքննությունների եզրակացություններն էլ դեռեւս չեն ստացվել»,- ասաց Կարեն Ստեփանյանը:
Պաշտպանի խոսքով` Յուբիշա Ստանիսլավը գտնվում է կալանքի տակ: Նա պատվեր էր կատարում եւ ապրանք էր Հայաստան տեղափոխում:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 16-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար եւ երեք այլ մարդատար մեքենաներիը:
Բախման հետևանքով մեքենաներից մեկը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարներն այնտեղից դուրս են բերել վարորդին` 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, որոնք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանը 5 օր անց հիվանդանոցում մահացել է: Նրանք ամուսիններ էին:



























