Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող սպա Ցոլակ Խաչատրյանը կրկին հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալը: Ցոլակ Խաչատրյանը նշեց, որ հացադուլով պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ, բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ եւ ՔԿՀ-ի ղեկավարության կողմից իմ իրավունքների ոտնահարման` տեղեկատվություն չտրամադրելը, կեղծ եւ պաշտոնական դիրքի չարաշահում:
Ցոլակ Խաչատրյանը պնդում է, որ իրեն ազատազրկման են դատապարտել` ապօրինի կերպով ծառայության չներկայանալու համար, սակայն, այդ ժամանակ պայմանագիրը, որով պարտավոր է եղել ծառայել ՀՀ զինված ուժերում, օրինական ուժը կորցրած է եղել եւ նա պարտավորություններ չի ունեցել: Ցոլակ Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում է պատժել նրանց, որոնց սխալի պատճառով, իր պնդմամբ` հայտնվել է անազատության մեջ:



























