Դերասան Վարդան Պետորսյանն իր վերջին «Վարք Հայաստանի» ներկայացման մեջ, որը հիմնականում նախատեսված է ուսանողների համար, բարձրացնում է նաեւ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության օրենսդրական նախաձեռնության հարցը: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ինքը` դերասանը:
«Բանն այն է, որ այդ թեմային իր ժամանակին անդրադարձել է նաեւ Խաչատուր Աբովյանը: Աբովյանի ժամանակ երեխաներին ռուսական դպրոցներ էին տանում, քանի որ ռուսական իշխանություն էր եւ հայկական դպրոց որպես այդպիսին գոյություն չուներ, կար եկեղեցի, որտեղ տառերն էին սովորեցնում` սուրբ գիրքը կարդալու համար: Աբովյանը շատ է պայքարել, որ հայերը կրթություն ստանան մայրենի լեզվով»,-ասաց դերասանը` հավելելով, որ օտար լեզու սովորելը դժվար բան չէ:
«Սովորել եմ անգլիական թեքումով 114-րդ դպրոցում, որը Երեւանի լավագույն դպրոցներից մեկն էր, շատ խիստ անցնում էինք բոլոր առարկանները: Դա հայկական դպրոց էր, դա անգլիական դպրոց չէր: 13-14 տարեկանում մենք ազատ խոսում էինք անգլերեն: Էդ ի՞նչ պրոբլեմ դարձավ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն սովորելը: Չեմ հասկանում` ինչի՞ մեր երիտասարդներին դարձրեցին բութ, որ մինչեւ ծննդատնից նրանց հետ ռուսերեն կամ անգլերեն չխոսես, նա չի դառնա ռուսերեն խոսող մեկը»,-վրդովված նշեց Վարդան Պետրոսյանը:





























